Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Привет Зимзимову»… (հավաքական դժբախտության մարմնացումը)

«Привет Зимзимову»…  (հավաքական դժբախտության մարմնացումը)
24.12.2023 | 17:11

Մինչ վարչապետի տիկնոջ պատվին Ազգային Պատկերասրահը վերածվում է կորպորատիվ բանկետնիի ու «վեչերինկա կլուբի»,

հրապարակն էլ 419,5 միլիոն դրամով՝

ամանորյա տոնակատարությամբ հեքիաթային աշխարհի, ուր 89 միլիոն դրամ տրամադրվում է միայն տոնածառի լույսերի վառման, 79 միլիոն էլ՝ հրապարակի շատրվանի զարդարման համար, հասկանում ես, որ շքեղ կործանվում ենք:

Իսկ երբ 300 հազար դոլար էլ պետբյուջեից հատկացվում է «մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության վրա, ու այսկերպ՝ մտացածին «ֆինդուֆլուշկեքով» պետության միջոցներն են անխնա վատնում ու մսխում, արդյունքում՝ արտաքին պարտքը հատում է 12 միլիարդի շեմը՝ գիտակցում ես, որ սա տոտալ ողբերգություն է:

Համաժողովրդական ապատիան, խայտառակ անտագոնիզմն էլ իր հերթին է գումարվում, ու պարզ է դառնում, որ սա խնջույք է ժանտախտի ժամանակ, ուրիշ ոչինչ:

Դե հա, կյանքը շարունակվում է, դառը իրականության, կորուստների հետ առերեսվել, համակերպվել, շարժվում ենք առաջ, դեպի պայծառ ապագա:

Բայց արի ու տես՝ երկիրը հզորանում է, տնտեսությունը՝ բում ապրում:

Չէ՞ որ հունվարին Հայաստանում բացվելու է ալյումինե ռադիատորների գործարանը, որին նախորդել է գազի բալոնների, հեռուստացույցի, «Սեպուհ 1» ավտոմեքենայի արտադրության գործարանների բացումը:

Բացվել են խոստացված հարյուրավոր «խելացի գոմեր», որոնք այնքան են հագեցված ու գերժամանակակից, որ ֆերմերներին առաջարկվելու է այսուհետ կովերին սաղմնավորել բարձրակարգ սերմնահեղուկով:

Ինչ խոսք՝ նախանձելի է:

Մեր ինովացիաներով, կրեատիվությամբ ու ձեռքբերումներով թշնամիների աչքը հանում ենք:

Թշնամու աչքն իր հերթական մի ժամանոց բարբաջանքով էլ հանեց մեր «դուխով» վարչապետը, ով շատ անկեղծ ասաց Արցախի էջի փակման և «զրոյական կետի» մեկնարկի մասին:

Այսինքն՝ ամեն ինչն արդեն անցյալում է ու փակված, և որ նորից սկսում ենք զրոյական կետից:

Իսկ այն նախանշում է խաղաղության հաստատում, հետևյալ պայմաններով.

Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար, Արցախը ներառյալ և առանց արցախցիների իրավունքների ներառմամն, սակայն, այդ ամենի դիմաց Ադրբեջանի կողմից չի ստանալու Հայաստանի Հանրապետության սահմանների ճանաչումը:

Ինչու՞ այդպես, որովհետև Ադրբեջանը հասկանալով, որ սահմանազատման և սահմանագծման պրոցեսը կարող է շատ երկար տևել, ընդհուպ՝ տասնյակ տարիներ, ունի հստակ դիրքորոշում, առ այն, որ սահմանազատման ու սահմանագծման հարցը թողնելու են հետագային, այսինքն՝ այդ պայմանագիրը կնքելով ու ամրագրելով իրենց ուզածը Հայաստանից, իրենց են վերապահելու նոր տարածքներ վիճարկելու, սակարկելու կամ ինչու չէ գրավելու իրավունքը։

Մանավանդ, երբ նրանք հանդես են գալիս այսպես կոչված «անկլավների» վերադարձի պահանջով:

Եվ սա այն դեպքում, երբ չի կարող կնքվել «խաղաղության պայմանագիր» կամ կնքվելու դեպքում այն լինելու է ձևական թղթի կտոր, քանզի հիմքում դրված չեն հիմնական բաղադրիչները՝ ավարտին հասցված ու երկու կողմից հաստատված դելիմիտացիան և դեմարկացիան:

Այսկերպ Հայաստանը ստանձնում է պարտավորություններ, սակայն Ադրբեջանը որևէ պարտավորություն իր վրա չի վերցնում:

Հետևաբար, ստորագրվելիք փաստաթուղթը ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կապիտուլյացիայի «ճանապարհային քարտեզն» է լինելու:

Սա կլինի վերապահ կապիտուլյացիայից դեպի անվերապահ կապիտուլյացիա:

Իսկ Ալիևը չի բավարարվելու լոկ կապիտուլյացիայով, քանզի նա չի ձերբազատվել իր առավելապաշտական նկրտումներից:

Երբ քոչվոր, բայց մեր հաշվին հայրենիքի տեր դարձած հարևանը միլիարդավոր դոլարներով բանակն է համալրում, անթիվ անհամար սպառազինություն ներկրում, ուրեմն վերջինս չի պատրաստվում իրական խաղաղության:

Երբ Միլլի Մեջլիսը դեկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանի նիստի օրակարգում «Արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու մասին հայտարարություն է ընդունելու, ըստ որի «Արևմտյան Ադրբեջանից» ներգաղթյալների ցուցակի կազմման գործընթացն արդեն ավարտվել է, և ըստ որի ցուցակագրվել է ավելի քան 250 հազար մարդ, որոնք պետք է վերաբնակվեն «Արևմտյան Ադրբեջանում», հասկանում ես, մոտալուտ վտանգները:

Երբ արդեն բարձր ամբիոններից հայտարարվում է՝ «ժամանակը եկել է.

Մենք պետք է սկսենք ձևավորել «Արևմտյան Ադրբեջանի Հանրապետությունը».

այնտեղից վտարվածների ցանկությունը կա, պատմական հիմնավորում կա, հզոր բանակ կա», պետք է տգետ լինես չհասկանալու համար, որ երկիրդ ձերքիցդ տանում են:

Ինչ խոսք, այսօրվա Ադրբեջանն ունի ստրատեգիական մտածողություն, գիտի և պլանավորել է, թե ինքն ինչ է ուզում առաջիկա 5-ից 25 տարիների կտրվածքով:

Կողքին էլ կա Հայաստան, որի մտածողության և հաշվարկի հորիզոնը 5 շաբաթից այն կողմ չի անցնում։

Պատերազմից և Արցախի հայաթափումից հետո մենք ազգային սնանկության բացառիկ պատմական փուլում ենք, երբ չգիտենք մեր անելիքը և չենք պատկերացնում հետագան։

Եվ կա մի դիլետանտ ղեկավար, որն առաջ է քաշում «խաղաղության դարաշրջան» թեզը, թեև ինքն էլ վստահ չէ՝ կլինի՞ այն, թե՞ ոչ, առավել ևս չգիտի, թե ինչ է մեզ սպասվում հետո։

Իսկ Ալիևն այս ամենը լավ հասկանալով՝ գրեթե բառացիորեն ասում է, որ խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանն ընդունի ներկա և ապագա իր պատմական ամլության փաստը՝ առանց նպատակ, առանց երազանք, առանց հիշողություն, առանց իրավունքի զգացում՝ հայրենիքի և նրա հոգևոր ու մշակութային ժառանգության հանդեպ։

Այլկերպ ասած՝ մեզանից ուզում են ստանալ «անասունների հասարակություն»:

Իսկ այս հարցում Ալիևը չէ որ մեղավոր է.

մենք ինքներս ենք մեզ այս օրին հասցրել:

Ինչևէ, սա արժանապատիվ խաղաղություն չէ, իսկ չափից դուրս անարդար խաղաղությունը չի կարող երկարատև լինել:

Լավ, էլ ինչպես ասեմ, որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել մեկի հետ, ով ուզում է քեզ բարոզրկել, սպանել, ունեզրկել:

Էլ ինչպես ասեմ, որ իրական խաղաղություն լինում է ուժերի հավասարակշռության կամ առավելության դեպքում, այլ ոչ թե ինչ-որ թղթերով։

Նոյեմբերի 9-ի թուղթն էլ ասածիս թարմ ապացույց, երբ ստորագրելուց հետո թշնամին լոկալ պատերազմներով բռնազավթեց Հայաստանի սուվերեն տարածքները և էթնիկ զտման ենթարկեց հազարամյակների հայկական տարածք Արցախը։

Էլ ինչպես բացատրեմ, որ իրական խաղաղության հաստատման համար պետք է, որ թշնամին քեզանից վախենա ու սարսափի միայն այն մտքից, որ ցանկացած պահի ի զորու ես նրան պատժել, իր տեղը ցույց տալ:

Այնպես, ինչպես ժամանակին Մութալիբովը, Էլչիբեյն ու Հեյդար Ալիևն էին հասկացել դա:

Այնպես ինչպես, Իլհամն է ներքուստ սարսափում մեզանից ու սարսռում հավանական ռևանշից:

Կամ ինչպես էլ բացատրեմ, որ բանակը չվերականգնելու, այն մարտունակ չդարձնելու, սահմաններդ անառիկ չպահելու փոխարեն, փաստաթուղթ ստորագրելով, հարցերը չեն լուծվում:

Ստորագրածդ թուղթը ո՛չ քեզ է փրկելու ո՛չ մեզ, ո՛չ քեզ է անվտանգային երաշխիքներ տալու, ո՛չ էլ ազգիդ:

Առավել ևս, երբ դու մուրում ես խաղաղություն, այլ ոչ թե այն վաստակում:

Երբ պետք է հասկանանք, որ հաղթաթուղթը միշտ էլ եղել է սրի ու զորության արդյունք:

Որ հաղթողի համար այն հաղթաթուղթ է, պարտվողի համար՝ նվաստաթուղթ:

Այնպես որ՝ էլեկտորատիդ պաթոսովդ ու մանիպուլյացիաներովդ ինչպես էլ սիրաշահես, սեփական ժողովրդիդ ինչպես էլ համոզիչ ձևակերպումներով կերակրես, միևնույն է՝ ստորագրածդ թուղթը որևէ օգուտ չի տա:

ՈՒլտիմատումով, պարտադրված խաղաղություն է քեզ դեմ տված:

Իսկ դու թե՛ քո խելքով, թե՛ քո տեսակով պարտված-ավարտված ես:

ՈՒ այդ տեսակովդ, լինելով գերագույն գլխավոր հրամանատար՝ հաղթանակած ժողովրդիդ պարտության ես արժանացրել , հայրենազրկել, ու դեմ տվել Ալիևի կապրիզի արդյունք՝ «խաղաղության պայմանագիր» կոչվածին:

Ինչևէ, դու մեր բաժին խաչն ես, որ ազգովի ստիպված ենք քարշ տալու:

Քեզ՝ «տռասի Զիմզիմովին», ով լավագույն դեպքում կարող էր արագաչափ փակել ու «պրիվետներ» ուղարկել:

Վա՜յ, քեզ հավատացողին, ղեկավար ու ազգի առաջնորդ ճանաչողին:

Վա՜յ մեզ, որ սա մեր ամոթն ու խարանն է:

Որ մեր հավաքական դժբախտության մարմնացումն է:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2440

Մեկնաբանություններ